Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Խոստմնազանց եղանք, ներող կլինեք

Խոստմնազանց եղանք, ներող կլինեք
05.06.2012 | 00:11

Հունաստանի հետ ընկերական խաղի մասին թերթի էլեկտրոնային տարբերակում խոստացել էինք մանրամասն լինել մեր վերլուծությունում:
Ասելիքի խեղճություն էլ չէինք քաշելու: Դժբախտաբար (այս դեպքում` իսկապես դժբախտաբար), նյութը ծով էր ու է: Ցավոք, ոչ խաղի բերած երանության տեսանկյունից, այլ նյարդայնության, բարկության, անզորության, որի վերջը հիմար ծիծաղն է: Կամ` հիմարավունը (ընտրությունը թողնում եմ Ձեր հայեցողությանը): Սակայն այս օրերին արդեն այնքան բան է ասվել այդ չարաբաստիկ խաղի մասին` ընդհուպ անհեթեթության հասնող մակարդակի (ամենաօրիգինալը Սամվել Պետրոսյանն էր` մեր «կրելու» հաշվով), որ չարժե լրացուցիչ պղտորվել: Բացի դրանից, այսօր Ղազախստանի հետ ընկերական հանդիպումն է, և իրավիճակը շտկելու, Հունաստանի հետ խաղի թողած տպավորությունը մեղմելու, սրտներս շոյելու, աչքներս կրկին քաղցրացնելու փայլուն հնարավորություն են ստացել տղաները: Այնպես որ, հարգելի ընթերցող, հավաքականի առնչությամբ լինենք ներող ու հանդուրժող, որը մի խաղի ընթացքում կարողացավ լինել երկուսը` մեկում, բայց ոչ «Թվիքսի» նման: Գոնե լավ էր, որ երկրորդ խաղակեսն էր համեմատաբար լավը: Նկատի ունեմ` հուսադրող, չնայած այդպես օդում ճախրող ճանճերին նշանառության տակ կարող է վերցնել մեզնից յուրաքանչյուրը, ու դրա համար ոչ ավստրիաներ գնալ-հասնելու, ոչ խաղադաշտ դուրս գալու, ոչ էլ մարզազգեստ հագնելու անհրաժեշտությունը կա: Բավական է մի գնդակ, ու վերջ:
Այսպես ասենք ու պրծնենք` խաղ էր` չստացվեց: Ի՞նչ կա որ: Ամեն մեկի օրացույցում էլ լինում է կարմիր օր: Ո՛չ հանգստյան օրվա առումով: Հասկացանք իրար:
Բա Բերեզովսկո՞ւ մասին ինչ կասես, նյութի կեսբերանությունից նեղսրտած` կարող է հարցնել ընթերցողը:
Ժողովուրդ ջան, եկեք Բերեզովսկուն թողնենք հանգիստ: Ա՛յ, եթե հարցը տայիք մրցավարի առնչությամբ, էստեղ նյարդերս վերջնականապես քայքայած կլինեիք: Ասա, ա՛յ Ռոդրիգես կամ, լավագույն դեպքում, մորական գծով Ռոդրիգեսի հորեղբոր տղա, դու, ի՞նչ է, մի խաղի ընթացքում Բերեզովսկու երկու պենալ բռնե՞լը չգիտես, որ հավաստիանալու համար երկրորդն ես նշանակում մեր թառլանի դարպասին: ՈՒզածդ ի՞նչ էր: Ինչո՞ւ ես զոռով հույներին խայտառակ անում, հայ-հունական դարավոր եղած ու չեղած կապերի միջև սեպ խրում, որ նրանք էլ մուննաթով մտածեն` ի՜նչ մեծ բան էր, թողներ երկուսից մեկը գոնե խփեինք:
Դե հիմա եկ ու էս էշը ցեխից հանիր` առանց կեղտոտվելու:Հնարավո՞ր բան է: Ճիշտն ասած, ուզում էի հենց այստեղ էլ նյութը ավարտել, սակայն մտքովս մի բան անցավ, որի մասին չեմ կարող լռել:
Հիշո՞ւմ եք` նախախաղյա մամլո ասուլիսի ժամանակ հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ասել էր, թե առաջիկա երկու խաղում նոր սխեմաներ է փորձարկելու:
Կարո՞ղ է, որոշել էր միայն Բերեզովսկուն խաղացնել:
Հը՞:
Ափսոս ջուրծեծոցիների… կներեք, մամլո ասուլիսների գնալու, մեծամեծներին հանդիպելու զահլա չունեմ, իսկ այլ կերպ նրանք անհեռախոսահամար են (ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատակիցների մատուցմամբ):
Հասկանալի է` զբաղված մարդիկ են, տակտիկա ու ստրատեգիա են մշակում, սխեմաներ են հղանում, պարապ բաների ո՛չ գլուխ ունեն, ո՛չ ժամանակ: Սիրաշահող լրագրողներն էլ` ծո՜վ, ծով: Գլուխ եմ ասել, որ չպտտվի: Այնպես որ, չխանգարենք:
Բայց որ պաշտպանությունը հեչ բանի նման էր, էս մեկը բացառության կարգով չեմ կարող չասել: Էստեղ իսկապես մտածելու բան կա: Ընդհուպ` դրսում հանդես եկող շնորհալի տղաներին փնտրելու ու գտնելու առումով:
Իսկ Դենիս Թումասյանը, այնուամենայնիվ, հայ է:
Էն մյուս տղան էլ (կներեք` անունը չեմ հիշում):
Հայտարարությունների ու որակումների մեջ պիտի չափավոր լինել:
Հավաքականի համար պատասխանատվությունը պարտադրաբար նշանակում է վեր լինել սեփական ամբիցիաներից:
Սկսած լավ գործի հրամայականն է սա:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5111

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ